Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Մի՜ տրվեք, էլի՜, աշխարհի հնագույն քանդող գործիքներին

Մի՜ տրվեք, էլի՜, աշխարհի հնագույն քանդող գործիքներին
13.03.2025 | 15:11

Տասնամյակներ առաջ, երբ Հայաստանի նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր, իսկ մենք «Ազատությունում» էինք աշխատում, աշխարհի վերլուծական ծանրակշիռ կենտրոններն իրենց հրապարակումներում անբաժանելի տանդեմ էին անվանում Ռոբերտ Քոչարյանին ու նրա իշխանավարման համակարգում անպայման շատ կարեւոր, առանցքային պաշտոններ զբաղեցնող Սերժ Սարգսյանին։

Մենք, իհարկե, ինչպես Հայաստանին վերաբերող կամ Հայաստանի մասին ցանկացած այլ հիշարժան բան, ռադիոնյութեր էինք սարքում այդ վերլուծություններից։ Հայաստանում դրանք համակ քննարկման առարկա չէին դառնում, բայց եւ գոնե պետքական տեղերում իմանում էին։

Այդ զեկույցներից, սակայն, ամենայն լրջությամբ օգտվում էին, կարծում եմ, աշխարհի հզորները՝ այս կամ այն հարեւանին, հակառակորդին, թշնամուն, թշնամու դաշնակցին թուլացնելու համար։

Ու աչքներիս առաջ տարիների, երբեմն՝ տասնամյակների ընթացքում քանդվում, թուլանում էին այդ վերլուծություններում պարբերաբար մատնանշվող այն երեւույթներն ու գործոնները, որոնք ուժեղացնում էին մեր երկիրը՝ մարդկանց միություններ, «տանդեմներ», անհատներ, հայկական սփյուռք, սփյուռք-Հայաստան կապ, հայկական բանակ…

Ինչպես ասենք 2018-ին պետք էր թուլ չտալ ազդեցիկ ու Ռուսաստանի մեծ աջակցությունն ունեցող Կարեն Կարապետյանի վարչապետությունը (հերիք էր կռվացնել Սերժ Սարգսյանին ու Կարեն Կարապետյանին, իսկ Սարգսյանին օդի մեջ համոզել դրժել իր իսկ խոստումն ու էլի վարչապետության գնալ)։

Թուլացնողը, քայքայողը նույն անտեսանելի ձեռքն է։ Ուժեղ լինելու գործոններից չզրկվելու համար Հայաստանին պետք էլ չի խճճվել որոնումների մեջ, թե կոնկրետ որ թշնամու ձեռքն է դա, բավարար է միայն իմանալ, որ նա կա, գործում է, ու չտրվել նրա խաղերին։ Բայց չէ՜, խաղերը գլորվող ձնագնդի պես մեծանում են։ Հիմա ո՞նց է, վերարտադրվելու պատրաստվող իշխանությանը խանգարելու համար ամենամեծ նյութական եւ մարդկային ռեսուրսները երկրորդ ու երրորդ նախագահներն ունեն, ուրեմն, ոչ մի դեպքում չպետք է թույլ տալ նրանց մերձեցումը…

Եթե թուլացնելու, մաշելու քաղաքական հետապնդումները բարդ են (բայց էլի՝ կիրառվող), ապա գզվռտոցի գործիքները խիստ էժանագին են, փորձված ու աշխարհի չափ հին՝ բամբասանք, խոսք տանել-բերել, հնարել…

Մի՜ տրվեք, էլի՜, աշխարհի հնագույն քանդող գործիքներին…

Հա, մոռացա ասել, որ համաշխարհային մակարդակի այդ վերլուծություններն ընդգրկում էին այս կամ այն ազդեցիկ անհատի հոգեբանական նկարագիրը, թույլ եւ ուժեղ կողմերը, սովորույթներն ու նախասիրությունները։

Ռուզաննա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2596

Մեկնաբանություններ